ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ջոն Բոլտոնը ստու՞մ է

Ջոն Բոլտոնը ստու՞մ է
19.06.2020 | 10:38

ԱՄՆ նախագահի նախկին բարձրաստիճան խորհրդականը պնդում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծիծաղում էր Դոնալդ Թրամփի վրա 2018-ի Հելսինկիի սամիթից հետո: Ջոն Բոլտոնը՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը, գիրք է գրել՝ «Սենյակը, որտեղ կատարվել է այդ ամենը» անունով, որը եկող շաբաթ լույս է տեսնելու, եթե դաշնային դատավորները չարգելեն հրատարակությունը՝ Թրամփի վարչակազմի դատական հայցից հետո, որտեղ պնդվում է, որ գրքում գաղտնի տեղեկություններ կան՝ գրում է Ջոն Բենետը The Independent-ում:
Բոլտոնի գրքի պնդումներից է, որ Թրամփը տհաճությամբ էր հաստատում քաղաքական միջոցառումները՝ ուղղված ԱՄՆ-ի ու ԱՄՆ-ի շահերի ռուսական ագրեսիան կանխելուն: Բայց գրքում չի բացատրվում, թե ինչից է Բոլտոնը եզրակացրել, որ ԱՄՆ նախագահը հատուկ վերաբերմունք ունի Ռուսաստանի ու Պուտինի նկատմամբ:


Փոխարենը Բոլտոնը թույլ է տալիս հասկանալ՝ ինչ են զգացել Սպիտակ տան աշխատակիցները 2018-ի Թրամփ-Պուտին սամիթի նկատմամբ Հելսինկիում, որտեղ Թրամփն անցավ ՌԴ նախագահի կողմը՝ հանդես գալով սեփական հատուկ ծառայությունների դեմ՝ միջամտել է, թե ոչ Մոսկվան 2016-ին ԱՄՆ նախագահի ընտրություններին հարցում: «Հազիվ թե դա Ռուսաստանի հետ հարաբերության միջոց է, և Պուտինը, պետք է, որ բարձրաձայն ծիծաղեր Հելսինկիիում կատարվողի վրա»՝ գրում է Բոլտոնը՝ համաձայն The Washington Post-ի, որը ստացել է գրքի ազդօրինակը: Բացի գաղտնի տեղեկատվություն պարունակելուց՝ նախագահի աշխատակազմի հայցում նշվում է, որ գիրքը չի անցել հավաստիության ստուգման ողջ գործընթացը: Բայց ԱՄՆ մի քանի ԶԼՄ-ներ, որ ծանոթացել են գրքին, տեղեկացնում են, որ Բոլտոնը տեղ-տեղ նշում է, որ ցանկացել է Թրամփին ուղղակի մեջբերել, բայց այդ մանրամասները ջնջել են դաշնային կառավարության անվտանգության ծառայության աշխատակիցները: ԱՄՆ նախագահը նույնպես մեղադրել է անվտանգության հարցերով իր երրորդ խորհրդականին, որ Սպիտակ տնից հեռացել է նախագահի հետ տարաձայնությունների պատճառով, որ նա ստում է, թեպետ ինքն ու իր թիմը, կարծես թե. Դեռ չեն կարդացել գիրքը:
Ջոն Բենետ, The Independent


Հ.Գ. ԱՄՆ-ում ավանդույթ է, որ հեռացած կամ պաշտոնանկված բարձրաստիճան պաշտոնյաները գրում են գրքեր, որ հրաշալի գովազդի շնորհիվ դառնում են բեսթսելերներ և եկամտի աղբյուր: Որքանո՞վ են բոլոր ամերիկացիները հավատում նրանց գրածին, հարցի մի կողմն է, մյուս կողմում սենսացիաներն են, որ վարկաբեկում են կոնկրետ պաշտոնյաների, և ընտրություններից առաջ Ջոն Բոլտոնի գիրքը չափազանց վտանգավոր նվեր է Թրամփին: Հազիվ թե Ջոն Բոլտոնը իր բոլոր պնդումների մեջ արդարացի լինի, հաշվի առնելով նախագահի հետ տարաձայնությունները: Դեռ նրա հրաժարականից առաջ Դոնալդ Թրամփն ասել էր, որ եթե ինքը Ջոն Բոլտոնին լսեր, ԱՄՆ-ը աշխարհի բոլոր երկրների հետ պիտի պատերազմեր: Դա, իհարկե, չափազանցություն է, բայց կոնկրետ Իրանի հետ պատերազմը Ջոն Բոլտոնի ծրագրերից մեկն էր դեռ մինչև Սպիտակ տանը հայտնվելը: Նա միշտ էլ կոշտ քաղաքականության կողմնակից է եղել և ԱՄՆ շահերի պաշտպանությունը տեսել է ոչ այնքան դիվանագիտության, որքան պատերազմի միջոցով:


Ջոն Բոլտոնն իր աղմկահարույց գրքում նաև գրել է, թե Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ձինպինից օգնություն է խնդրել ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրություններում հաղթելու համար, հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով Բոլտոնի գրքին: Բոլտոնն ուշադրություն է հրավիրում 2019-ի հունիսին Ճապոնիայի Օսակա քաղաքում G-20 գագաթաժողովի կուլիսներում Թրամփի և Չինաստանի նախագահի հանդիպման վրա: Թրամփը չինացի իր գործընկերոջ հետ զրույցում ԱՄՆ նախագահի առաջիկա ընտրությունների թեմային է անդրադարձել՝ վկայակոչելով Չինաստանի տնտեսական հզոր ներուժը՝ ամերիկյան որոշ ընկերությունների վրա ազդելու հնարավորության տեսանկյունից և «աղաչել է Սի Ձինպինին օգնել իրեն ընտրություններում հաղթելու հարցում»: Բոլտոնը ենթադրում է, որ Թրամփը Սիին խնդրել է գնել ամերիկյան գյուղատնտեսական արտադրանքը, որ ինքը կարողանա ընտրությունների ժամանակ աջակցություն ստանալ «ֆերմերային նահանգներից»: Ըստ Բոլտոնի՝ Թրամփը շեշտել է ընտրությունների արդյունքների համար ֆերմերների և Չինաստանի կողմից սոյա և հացահատիկ գնելու կարևոր նշանակությունը: ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հերքել է Բոլտոնին: «Դա բացարձակապես սխալ է, չի եղել նման բան, ես այդ հանդիպմանը ներկա եմ եղել և չեմ հիշում, որ նման բան եղած լինի: Ես չեմ էլ հավատում, որ կարող է նման բան պատահել», - հայտարարել է նա: Փաստորեն՝ հայտնի հատվածներով՝ Ջոն Բոլտոնը ԱՄՆ նախագահին մեղադրում է ինչում հնարավոր է, ու այնքան էլ չի շտապել Թրամփը՝ հայտարարելով, որ նա ստում է: Նա երեկ հայտարարել է, որ իր նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը խախտել է օրենքը՝ բացահայտելով իր գրքում գաղտնի տեղեկությունները՝ հայտնում է Reuters- ը: Գրքում տեղ է գտել «գաղտնի տեղեկություն», որի բացահայտման համար նախկին խորհրդականը թույլտվություն չի ստացել՝ ասել է Դոնալդ Թրամփը:
Բոլտոնի բացահայտումներից է, որ Վլադիմիր Պուտինը 2019-ին համոզել է Դոնալդ Թրամփին փոխել Վենեսուելայի քաղաքական ուժերին տված գնահատականները՝ հայտնում է «Mediaite»-ն:


Ըստ Բոլտոնի՝ երկու երկրների նախագահների հեռախոսային խոսակցության ժամանակ Պուտինը Վենեսուելայի խորհրդարանի նախագահ, ընդդիմադիր Խուան Գուայդոյին համեմատել է 2016-ին ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ: Նման համեմատության նպատակն է եղել պաշտպանել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, գտնում է նախկին խորհրդականը: Պուտինի հայտարարությունները «բավականին համոզել են» Թրամփին, գրում է Բոլտոնը: Փաստացի՝ Բոլտոնը «վրեժ է լուծում» ոչ միայն Թրամփից, այլև՝ Պուտինից: Վենեսուելա ներխուժելը, Խուան Գուայդոյին նախագահ դարձնելը Բոլտոնի նախաձեռնությունն էր, որի ձախողումը դարձավ նրա պաշտոնանկության պատճառներից մեկը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10679

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ